Ալեքսանդր Կոչուբաևը ազատ կարձակվի. խափանման միջոցը փոխվել է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխվել է բացակայելու արգելքով։ Այսօր առավոտյան Կոչուբաևի գործընկեր, փաստաբան Էրիկ Կարապետյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Կարապետյանը հայտնել էր, որ պատրաստ է կնոջ առողջական խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը ներկայացնել դատախազությանը։
Ալեքսանդր Կոչուբաևը հոկտեմբերի 17-ին կալանավորվել էր երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորների, դատախազների և քննիչների հասցեին արատավորող և նրանց օրինական շահերին վնաս պատճառող հրապարակումներ կատարելու մեղադրանքով։ Գործի հիմքում փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն էր, որտեղ նա քննադատել էր իրավապահ մարմինների գործողությունները՝ խոսելով Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորման մասին։
Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու,– գրել էր նա։
Պաշտպանական կողմը պնդել էր, որ գրառումը չի պարունակել անուններ և եղել է կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքից բխող գործողություն։ Կոչուբաևը մեղադրանքը չի ընդունել։
