Ֆինանսական անհամապատասխանություններ Վաղարշապատ համայնքի ընտրություններում
Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում կրկին ուշադրության կենտրոնում է կուսակցությունների ֆինանսական թափանցիկության խնդիրը։ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով սահմանվել է, որ կուսակցությունների ֆինանսական շարժերի վերաբերյալ տվյալները բանկերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը դրանք ամփոփում և հրապարակում է կայքում։ Զուգահեռաբար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերահսկիչ ծառայությունը հրապարակում է նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի ամփոփ տվյալներ։
«Ականատես» դիտորդական առաքելության փոխանցմամբ՝ երկու մարմինների հրապարակած տեղեկանքների համադրությունը ցույց է տալիս անհամապատասխանություններ։ Այսպես, ըստ ԿԿՀ-ի հոկտեմբերի 27-ի տեղեկանքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարից 10 մլն դրամ է փոխանցվել նախընտրական հիմնադրամին, սակայն ԿԸՀ-ում այդ գումարն արտացոլված չէ։ Բացի այդ՝ կուսակցությունն ակտիվ քարոզարշավ է իրականացնում, իսկ քարոզչական ծախսերը օրենքով թույլատրվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցներով։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ ԿԿՀ հրապարակած տեղեկանքում «Հայրենիք» կուսակցության բանկային հաշվեհամարում որևէ ելք չի արձանագրվել։ Մինչդեռ ԿԸՀ տվյալներում նույն օրը նշված է 1 մլն դրամի մուտք կուսակցության նախընտրական հիմնադրամում։ Նմանատիպ անհամապատասխանություններ են արձանագրվել նաև «Հանրապետություն», «Ժառանգություն» կուսակցությունների դեպքում։ «Հաղթանակ» դաշինքի պարագայում մուտքագրված գումարը գերազանցում է այդ դաշինքը կազմող կուսակցությունների նշված ելքերը։
Բացի թվային տարբերություններից, խնդիր կա նաև հրապարակման ձևաչափում։ ԿԿՀ-ն հրապարակում է տվյալները հատվածներով, որոնք հետագայում խմբագրվում են՝ առանց հստակ մատնանշումների։ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր հերթին մշտապես թարմացնում է մեկ միասնական փաստաթուղթը՝ առանց նախորդ տարբերակները պահպանելու, ինչն անհնար է դարձնում համեմատությունը։
«Այս երկու ձևավաչափերը էականորեն բարդացնում են ԶԼՄ-ների, դիտորդական առաքելությունների վերահսկողական գործառույթները՝ տվյալների համապատասխությունն ու արժանահավատությունը ստուգելու իմաստով։ Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու պարտավորություն ունեցող այս երկու կառույցների չհամակարգված աշխատանքը անհնար է դարձնում ընտրություններում օգտագործվող ֆինանսական հոսքերի արդյունավետ վերահսկողությունը»,- նշված է գրառման մեջ։
Նման գործընթացների բացահայտումը մի կողմից կարող է կանխել չարաշահումները, ապահովել ավելի ազնիվ մրցակցություն։ Մյուս կողմից, սակայն, տեղեկատվական դաշտ ներմուծվող չհամադրված կամ մասնակի ճշմարտություն ունեցող տվյալները կարող են դառնալ իրավական ճնշման գործիք։ Արդյունքում ռեալ մրցակցող թեկնածուները կարող են դուրս մնալ հիմնական պայքարից։
