ՀայաստանՌազմականՔաղաքականություն

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել 2026-ի սկզբին

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն․ ըստ նրա՝ սահմանը կարող է բացվել արդեն 2026 թվականի սկզբին՝ նախ երրորդ երկրների քաղաքացիների, այնուհետև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։

«Իմ երազանքն է՝ հայ-թուրքական սահմանը որքան հնարավոր է շուտ բացվի։ Եկող տարվա հունվար-փետրվար ամիսներին դրական զարգացումներ են սպասվում։ Սկզբում սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ մի քանի ամիս անց՝ նաև հայերի և թուրքերի համար»,- ասել է Կարո Փայլյանը լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանում անցկացվող «Օրբելի ֆորումի» ընթացքում։

Նա չի մանրամասնել, թե երբ և ինչ պայմաններում են ձեռք բերվել այդ պայմանավորվածությունները, բայց նշել է, որ Թուրքիան պատրաստ է առաջ շարժվել․ «Այս ամիսները շատ որոշիչ են լինելու Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների համար։ Եթե արևմտյան երկրները ևս աջակցեն, հնարավոր է առաջընթաց տեղի ունենա։»

Փայլյանի խոսքով՝ Թուրքիան հասկացել է, որ Կովկասում պատերազմով շահ չունի․ «Միայն խաղաղության և բաց սահմանների միջոցով կարող է հաջողություն ունենալ։ Այժմ ամեն ինչ կախված է Ալիևի հաշվարկներից՝ ինչ կշահի և ինչ կկորցնի։ Եթե այս գործընթացին միանան նաև ներդրումները, առաջընթացը անխուսափելի կլինի»: