ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյան՝ Նոր Սահմանադրությունը պետք է դառնա ներքին լեգիտիմության ամրապնդման հիմքը

Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ երկրի ներսում լեգիտիմության ամրապնդումը հնարավոր է միայն նոր Սահմանադրությամբ, որը, ըստ նրա, պետք է արտացոլի պետության ներկայիս մարտահրավերները։


Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկվել է Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին մեծ համաժողովը, որտեղ լրագրողները մուտք չեն ունեցել։ Մասնակցում են պետական տարբեր կառույցների աշխատակիցներ, նախարարություններ, ինչպես նաև երկրի նախագահն ու փոխվարչապետերը։

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հրապարակած կարճ տեսանյութից պարզ է դառնում, որ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է պետության անվտանգության, զինատեսակների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնման և միջազգային մակարդակով տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի մասին։

Վարչապետը կարևորել է նաև ներքին կայունության ամրապնդումը․ «Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»,– նշել է նա։

Համաժողովից հետո նախատեսված է պանելային քննարկում, որի մասին տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Իրինա Ատանյան