ԱՄՆ սենատորները պահանջում են հայկական գերիների անմիջական ազատություն
ԱՄՆ 27 սենատոր նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահվող հայ բոլոր ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Սենատորներն իրենց նամակում ընդգծել են, որ Ադրբեջանում պահվող գերիները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, իսկ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությունները լի են գաղտնիության և ընթացակարգային խախտումներով: Բացի այդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «արտաքսումը» Ադրբեջանից առավել վտանգավոր է դարձնում հայ գերիների վիճակը:
Սենատորներն առաջարկում են երեք կոնկրետ քայլ ԱՄՆ պետքարտուղարին՝ Ադրբեջանի հետ շփումների ընթացքում. պահանջել բոլոր հայ քաղաքական գերիների և ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, դիմել Ադրբեջանին, որպեսզի միջազգային դիտորդներն ու անկախ լրատվամիջոցները մասնակցեն քաղաքական գործիչների դեմ ընթացող դատավարություններին, և կիրառել «Գլոբալ Մագնիցկու» ակտով նախատեսված պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։
Սենատորների խոսքով՝ ԱՄՆ անգործությունը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում խաթարում է երկրի հեղինակությունը և լրջորեն վնասում է տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահերը:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի՝ ներառյալ Արցախի նախկին նախագահներ, պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ: Հունվարի 17-ից սկսվել են նրանց դեմ դատավարությունները, որոնց ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել ավելի քան 2500 դրվագով:
