
Ի՞նչ ազդեցություն կունենան Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները Հայաստանի վրա
Հոկտեմբերի 26-ին ավարտվեցին Վրաստանի խորհրդարանական ընտրությունները։ «Վրացական երազանք» կուսակցությունը ստացավ ձայների 54,23%, իսկ ընդդիմադիր ուժերը՝ 37,33%։
Դիտորդները և լրատվականները հայտնել են խախտումների, ընտրակեղծիքների, ընտրողներին ահաբեկելու և ձայների մանիպուլյացիայի դեպքերի մասին: ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարը նշել է, որ ահաբեկումներն ու ճնշումները բացասաբար են ազդել ընտրական գործընթացի վրա։
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության մասին խոսել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի շահերից է բխում Վրաստանի բալանսավորված քաղաքականությունը:
Հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա, և պատճառ չկա ենթադրելու, որ վերանայում տեղի կունենա։ Վրաստանի հարաբերությունները չեն փոխվի Հայաստանի, Ադրբեջանի և հարևան երկրների հետ։ Բրյուսելը պետք է վերանայի իր կոշտ մոտեցումը, քանի որ Վրաստանը չի ցանկանում վճարել այն գինը, որը իրենից ուզում են՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելով։
Սուրենյանցը անդրադարձավ նաև ռուս-վրացական հարաբերություններին․
Ապագայում կտեսնենք ռուս-վրացական հարաբերությունների կարգավորում։ Հարևան երկրում հաղթել է այն ուժը, որը հրաժարվում է կցորդ դառնալ աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքում։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ դիտորդ մարմնի կողմից վերջնական արդյունքը լսելուց հետո հնարավոր կլինի վերլուծություն կատարել և հասկանալ՝ ընտրությունները համարվում են ընտրական իրավունքի լիակատար իրացում, թե իշխանության բռնազավթում․
Հայաստանի հետ հարաբերությունների փոփոխություն կլինի։ 30 տարիների ընթացքում մեր հարթած ճանապարհը կվերանայվի։ Մենք ստիպված ենք լինելու այլ ուղիներ փնտրել։ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան եռակողմ պայմանավորվածություններ ունեն և կարող են անգամ ռազմական գործընկերության մասին խոսել։ Մոտ ապագայում ամեն ինչ ակնհայտ կդառնա։