Մայր Աթոռը որոշել է արձագանքել իշխանության հայտարարություններին․ առաջին քայլը կատարել է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ վերջին օրերին սրված իրավիճակը նոր շրջափուլ է մտնում․ միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան սուր գրառումը փաստում է, որ Էջմիածինը սկսում է զգուշորեն արձագանքել շրջանառվող աղմկահարույց փաստաթղթին։
Խոսքը այսօր իշխանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունն է, ըստ որի մեկ տասնյակ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոշտ քննադատելով կաթողիկոսին։ Մասնավորապես՝ փաստաթղթում մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ կոշտ քննադատություն են հնչեցրել Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին՝ պնդելով, որ Արշակ սրբազանի վերաբերյալ տարածված տեսանյութերի փորձաքննությունը Մայր Աթոռը չի ընդունել և, այդպիսով, «պաշտպանել» է նրան։
Չնայած այդ հայտարարությունը մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներով է տարածվել, օրվա ընթացքում ոչ մի եպիսկոպոս հրապարակային կերպով չի անդրադարձել դրան կամ հաստատել, որ փաստաթղթի տակ եղած ստորագրությունը իրենցն է։ Միայն Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը հայտարարեց, որ իր անունը փաստաթղթում հայտնվել է առանց իր գիտության։
Օրվա ավարտին Մայր Աթոռը որոշ չափով խախտեց լռությունը՝ հայտարարելով, որ փաստաթուղթը պարունակում է «խեղաթյուրումներ» և լրացուցիչ պարզաբանումներ կլինեն քննարկումներից հետո։ Հենց այս ֆոնին էլ Ասողիկ աբեղան արդեն երկու գրառում է կատարել ֆեյսբուքում։ Սա, կարծես Մայր Աթոռի կողմից առաջին հստակ ազդակն է․ ներեկեղեցական ճգնաժամի լռությունը փլուզվում է։ Թեև նա հստակ, կտրուկ է արձագանքել մամուլի հայտարարություններին, այնուամենայնիվ հստակ երևում է, որ Մայր Աթոռի ներսում միաբանության խնդիրը վերածվել է բաց, հրապարակային հակասության։
Այնուամենայնիվ՝ տարածված հայտարարության իսկությունը մնում է գլխավոր հարցը։ Եթե այն հաստատվի, Մայր Աթոռը կանգնելու է ներեկեղեցական լուրջ ճգնաժամի առաջ։ Եթե հերքվի՝ առաջ կգան այլ հարցեր՝ ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է պատրաստվել փաստաթուղթը, և ինչու՞ է այն տարածվել մի շարք քաղաքական շրջանակների միջոցով։
