
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է»․ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում խոսել է ԱԳՆ-ի առաջնահերթությունների մասին։
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է։
ԱԳ նախարարը պատասխանել է, թե արդյոք օրակարգում կան Լեռնային Ղարաբաղի, ցեղասպանության միջազգային ճանաչման և COP-29-ին մասնակցելու հարցերը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հացրին պատասխանելիս նախարարը նշեց, որ իրենց զբաղվելիքը ունի հետևյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում։
Միրզոյանը պատասխանեց նաև հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին։ Նա նշեց, որ այդ հարցը իրենց թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
Պատմության անցքերը, հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելը արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, Արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ։
Միրզոյանը անդրադարձավ նաև COP-29-ին։
COP-29-ից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք և՛ Ադրբեջանի հետ մեր խոսակցություններում, և՛ այլ գործընկերների հետ մեր խոսակցություններում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին։ Սա մեր մշտական քննարկման թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։ Մեր մասնակցությունը որևէ կերպ հաստատված չէ։ Հրավերը ստացել ենք։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել և, իհարկե, չենք էլ բացառում։
Խոսելով նաև «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ Միրզոյանը վստահ է, որ այն կդառնա կարևոր հանգույց։
Մենք շարունակում ենք աշխատանքները։ Գրեթե վստահ եմ, որ ինչ-որ մի պահ՝ մոտ ապագայում, «Խաղաղության խաչմերուկը» և մեր ենթակառուցվածքների ապաշրջափակումը իսկապես կդառնա կարևոր և շատ օգտագործելի հանգույց աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև ապրանքների շարժի համար։ Սա ևս մի էական աստիճանով կավելացնի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Այն կդառնա խաղաղություն ապահովող գործոն։