Հայաստանն ու ԱՄՆ-ը ընդլայնում են համագործակցությունը
ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ընդունել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական պլանավորման վարչության պետի տեղակալ, անվտանգության ոլորտի համագործակցության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման և հակազդման հարցերով մասնագետ Քրիս ՄքՔինի գլխավորած պատվիրակությանը։
Ղազարյանն ընդգծել է, որ համատեղ ծրագրերն ունեն դրական արձագանք։ ՓԾ տնօրենը ներկայացրել է բարեփոխումների շրջանակում իրականացվող ծրագրերը և ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։ Փրկարար ծառայությունն անցկացնում է ուսումնավարժանքներ, գործնական պարապմունքներ և միջազգային չափորոշիչներին համապատասխան համալիր ուսումնավարժություններ։
Քրիս ՄքՔինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական անվտանգության ոլորտում համագործակցությունը նոր թափով շարունակելու։ Պատվիրակության անդամները ծանոթացել են Փրկարար ծառայությունում կիրառվող տեխնիկական միջոցներին, մասնավորապես՝ վարակազերծման գույքին, հետախուզական սարքերին, շնչառական ապարատներին և տրանսպորտային միջոցներին։
