ԱրցախՔաղաքականություն

Այսօր Արցախում Սահմանադրության հռչակման և անկախության հանրաքվեի օրն է. Արցախի ներկայացուցչությունում լսումներ են անցկացվել

Դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման և անկախության հանրաքվեի օրը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ քաղաքական և հասարակական գործիչները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում։

Շահրամանյանի հետ Եռաբլուրում էին ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, ինչպես նաև մի շարք պատգամավորներ և հասարակական գործիչներ։

Արցախի Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Բաղունցը շեշտեց, որ գաղափարը միշտ կմնա իրենց սրտերում, և նրանք շարունակելու են պայքարել պատմական հայրենիքի վերականգնման համար։

Այցից հետո նրանք գնացել են Արցախի ներկայացուցչություն մասնակցելու «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» լսումներին։

Լսումները սկսվեցին ՀՀ և Արցախի օրհներգերով, որից հետո տերունական աղոթք հնչեցրեց Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու քահանա Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Հատկանշական է, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը միացել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, չի մասնակցել լսումներին։

ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը տեղի է ունեցել առանց Արցախի իշխանությունների համաձայնության։ Ըստ այդմ` այն խախտում է միջազգային իրավունքը։ Նա ընդգծեց, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ։