ՀայաստանՔաղաքականություն

2026 թվականի աշնանը 46 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

2026 թվականի աշնանը Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ Լոռու մարզի Ֆիոլետովո և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր և Շամիրամ, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։

Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կկայանան մարզկենտրոններում՝ Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր և Իջևան։ Նույն ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան և Նոյեմբերյան համայնքներում։

ՏԻՄ ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի վերջին կիրակին, հոկտեմբերի վերջին կիրակին և նոյեմբերի վերջին կիրակին։

Համամասնական և մեծամասնական ընտրակարգերի տարբերությունը կայանում է ընտրության կազմակերպման և ձայների հաշվարկման մեխանիզմում։ Համամասնական ընտրակարգի դեպքում ընտրողները քվեարկում են ոչ թե առանձին անձի, այլ քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին, իսկ մանդատները բաշխվում են՝ ըստ ստացած ձայների համամասնության։

Մեծամասնական ընտրակարգի դեպքում քվեարկությունը կատարվում է կոնկրետ թեկնածուի օգտին, և ընտրված է համարվում այն անձը, ով ստացել է ամենաշատ ձայները տվյալ համայնքում կամ ընտրատարածքում։ Այս դեպքում ընտրության արդյունքը ուղղակիորեն կապվում է թեկնածուի անձի հետ, և ընտրված պաշտոնյան ավելի անմիջական պատասխանատվություն է կրում ընտրողների առաջ։