ՀայաստանՔաղաքականություն

Ի՞նչ արվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում 2025-ին

Արտաքին գործերի նախարարությունն ամփոփում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը 2025-ի ընթացքում։

Նշվում է, որ մեկնարկել են անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդակցությունները։ Միևնույն ժամանակ ստորագրվել և ուժի մեջ է մտել համաձայնագիր, որը սահմանում է Հայաստանի մասնակցության շրջանակը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։

Երկարաձգվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության մանդատը՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը և վստահության ձևավորմանը։ Բացի այդ՝ ԵՄ անդամ պետությունների միջև ձեռք է բերվել կոնսենսուս Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին աջակցության երկրորդ հատկացման շուրջ։

2025 թվականին արձանագրվել է առաջընթաց նաև վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, իսկ տնտեսական համագործակցության ուղղությամբ իրականացվում է Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունություն և աճ ծրագրի» ֆինանսավորման երկրորդ փուլը՝ 202.5 միլիոն եվրոյի ծավալով։

Հայաստանն այս տարի ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 2026 թվականի գարնան գագաթաժողովը հյուրընկալող երկիր, իսկ 2026 թվականի մայիսին նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովը։

Տարեվերջին ընդունվեց Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Մարինա Գրիգորյան