ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը կստանան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացված աշխատանքի համար։

Վարչապետի խոսքով՝ մրցանակը հեղինակավոր է, և այս տարի այն ունի երեք դափնեկիր։ Նրա տեղեկացմամբ՝ մրցանակի մյուս դափնեկիրներն են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Աֆղանստանում կանանց կրթությամբ զբաղվող մի ակտիվիստ։ Փաշինյանը նշել է, որ պատրաստվում են մեկնել և մասնակցել մրցանակաբաշխությանը՝ հավելելով, որ դա իր համար մեծ պատիվ է։

Վարչապետը ընդգծել է, որ մրցանակին արժանանալը թիմային աշխատանքի արդյունք է, որին մասնակցել են կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը և հատկապես ՀՀ քաղաքացիները։ Նրա խոսքով՝ առանց քաղաքացիների վստահության և աջակցության հնարավոր չէր լինի հասնել այդ արդյունքներին։

Հիշեցնենք, որ Երևանում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, մրցանակի հանձնաժողովի անդամներ Շառլ Միշելը և Մուսա Ֆակի Մահամաթը ՀՀ վարչապետին փոխանցել են մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերը։ Մրցանակի հանդիսավոր արարողությունը նախատեսված է փետրվարի 4-ին՝ Աբու Դաբիում։