ՀՀ դեսպանությունը Շվեյցարիայում կտեղափոխվի Բեռն, մշտական ներկայացուցչությունը կմնա Ժնևում

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանության նստավայրը Ժնևից տեղափոխել մայրաքաղաք Բեռն։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 12-ի նիստում։

Միաժամանակ, Ժնևում կմնա ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության նստավայրը։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Բեռն տեղափոխման տարեկան ծախսը գնահատվել է 344,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ։ Առաջին տարում, ընթացիկ ծախսերից բացի, լրացուցիչ կպահանջվի ևս 62,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար։

Այս փոփոխության պատճառով Արտաքին գործերի նախարարության՝ արտերկրում և միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ծախսերը 2026 թվականի պետական բյուջեով կավելացվեն 407,5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով, իսկ հաջորդ տարիներին՝ 304,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով։

Որոշման մեջ նշվում է, որ Բեռնում դեսպանության տեղակայումը կնպաստի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ շփումների դյուրացմանը, կապերի առավել արդյունավետ ապահովմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և քաղաքական երկխոսության ակտիվացմանը՝ հաշվի առնելով Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը։

Հայաստանը և Շվեյցարիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի ապրիլի 30-ին։ 2002 թվականից Ժնևում գործում են ՀՀ դեսպանությունն ու ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունը։ Նշվում է նաև, որ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 երկրների դեսպանություններ, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, տեղակայված են Բեռնում։

Շվեյցարիայում ապրող հայերի իրական թվը պաշտոնապես պարզ չէ, սակայն ոչ պաշտոնապես գնահատվում է, որ այնտեղ մոտ 3 000-5 000 հայ է ապրում։ Գոյություն ունեն հայկական համայնքներ՝ հատկապես Ժնևում, Ցյուրիխում, Նյոշատելում և Լուգանոյում։