Ինչո՞ւ է Հայաստանի երկաթուղին խոցելի միջազգային խոսույթում․ վարչապետը մեղադրել է Ռուսաստանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման պատճառով Հայաստանը կորցնում է ռազմավարական դիրքեր և մրցակցային առավելություն։ Այդ մասին նա ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի նախնական քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա անդրադարձել է նաև «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում երկաթուղու գործարկմանը և որոշ հատվածների՝ Ռուսաստանի կողմից վերականգնմանը։

Փաշինյանը նշել է, որ կան ուժեր, որոնք առաջարկում են այնպես անել, որ Մեղրիից հետո երկաթգիծը, որը մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը։ Նա ընդգծել է, որ միջազգային գործընկերները հարց են բարձրացնում՝ ինչպես կարող է երկաթուղին շրջանցել Հայաստանը, քանի որ այն Հայաստանի սեփականությունն է, նույնիսկ եթե Ռուսաստանի կառավարման ներքո է։ Թե որ ուժերի մասին է խոսքը, Փաշինյանը մանրամասներ չի հաղորդել։

Վարչապետը ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայումս բավականին սրված են, և իշխանությունները բազմիցս բացատրել են, որ երկաթուղին Հայաստանում է և պատկանում է վերջինիս։

Նա հավելել է, որ, իր պատկերազմամբ, լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնսենցիոն կառավարման իրավունքը։ Որպես օրինակ նա նշել է Ղազախստանը, ԱՄԷ-ն, և Կատարը։

Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում որևէ կերպ հակադրվել Ռուսաստանին, սակայն այժմ երկաթուղու կառավարման պատճառով մեր երկիրը կորցնում է իր ռազմավարական դիրքերը։

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականին հանձնվել է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ 30 տարով՝ ևս 10 տարով պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր։ Ըստ այդ հռչակագրի՝ նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով՝ Սյունիքի մարզով, ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը թույլ կտա Ադրբեջանին առևտրային հասանելիություն դեպի Նախիջևան։