Ալիևը խոսել է խաղաղության պայմանագրի և արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղության հաստատում։ Այդ մասին նա ասել է France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ալիևի խոսքով՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունները, իր գնահատմամբ, նշանակում են, որ հակամարտությունն ավարտված է։ Նա նշել է, որ արդեն ավելի քան վեց ամիս սահմանին իրավիճակը հանգիստ է, և փոխհրաձգություններ, զոհեր կամ վիրավորներ չեն արձանագրվել։
Արցախցիների վերադարձի թեմային անդրադառնալով՝ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանի կողմից դիմում ներկայացվի, Ադրբեջանը պատրաստ է այն դիտարկել փոխադարձության սկզբունքով։ Նա ասել է, որ, ըստ ադրբեջանական կողմի դիրքորոշման, վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է, և այն պետք է կիրառվի նաև ադրբեջանցիների նկատմամբ, որոնք, նրա ձևակերպմամբ, նախկինում հեռացել են ներկայիս Հայաստանի տարածքից։
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները հանվել են, ինչպես նաև սկսվել են Հայաստանին նավթամթերքի մատակարարումները, որը, ըստ Ալիևի առևտրային հարաբերությունների մեկնարկ է։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար մնացել են որոշ ձևական քայլեր և հույս է հայտնել, որ պաշտոնական համաձայնագիրը հնարավոր կլինի կնքել արդեն այս տարի։ Միաժամանակ նա կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման մասին խոսելիս Ալիևը նշել է, որ քննարկվել է նաև «TRIPP» նախագիծը, և ինքը վստահ է, որ այն կիրագործվի։ Նրա խոսքով՝ Վենսը բարձրացրել է նաև Ադրբեջանում պահվող հայերի հարցը, ինչին ի պատասխան ինքը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը։

