Կարապետյանի փաստաբանը դիմել է Եվրոպական խորհրդարան՝ Հայաստան փաստահավաք առաքելություն ուղարկելու խնդրանքով
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ առաջարկելով Հայաստան ուղարկել փաստահավաք առաքելություն։ Տեղեկությունը հրապարակվել է իրավաբանի ֆեյսբուքյան էջում։
Նամակում Ամստերդամը մտահոգություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարության, դատական համակարգի անկախության և կրոնական ազատության վիճակի վերաբերյալ։ Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ դրանք չեն արտացոլում հասարակության լայն շերտերի դիրքորոշումը։
Իրավաբանը պնդել է, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հակասել սահմանադրական իրավունքին և միջազգային չափանիշներին՝ նշելով կառավարության միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև դատարանների անկախության հետ կապված խնդիրները։
Ամստերդամը անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին՝ նշելով, որ հասարակությունում առկա են դժգոհություններ նրանց ազատ արձակման ուղղությամբ տարվող քայլերի վերաբերյալ։
Նամակում հիշատակվել է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Իրավաբանի խոսքով՝ Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, ինչը կարող է սահմանափակել նրա մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին։ Նա այս հանգամանքը դիտարկել է որպես հնարավոր միջամտություն քաղաքական գործընթացներին։
Ամստերդամը կոչ է արել Եվրոպական խորհրդարանին քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, դատական անկախության և հիմնարար ազատությունների վիճակը գնահատելու նպատակով։

