Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնել է Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան և ընդգծել, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր են փոխվստահության ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար։

Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում հնարավոր տնտեսական զարգացումներին, ինչպես նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների ներկայիս դինամիկային։

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է մասնակիցների հարցերին։

Գրիգորյանը նաև նշել է, որ քաղաքացիական հասարակության հարթակում նման շփումները նպաստում են երկխոսության ձևավորմանը և գործնական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-14-ը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղան-քննարկումը։ Այս անգամ այն կազմակերպվել է ընդլայնված կազմով, այսինքն՝ յուրաքանչյուր կողմի 5-ական մասնակիցներից բացի ներգրավվել են նաև այլ փորձագետներ։

Հայկական կողմից մասնակցում է 20 ներկայացուցիչ, ադրբեջանական կողմից՝ 19։