Արարատ Միրզոյանը խոսել է մոդուլայիբ էլեկտրակայանների մասին. ի՞նչ է ասել
Հայաստանը մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիական տարբերակները և քննարկում միջազգային գործընկերների առաջարկները։ Այս մասին Ժնևում Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության, ինչպես նաև միջուկային անվտանգության, ապահովության և չտարածման բարձրագույն չափանիշներին հավատարմության վրա։ Միրզոյանը նշել է, որ թեև Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, Հայաստանը դիտարկում է նոր միջուկային էներգաբլոկի անցման սահուն և անվտանգ տարբերակները։
Արտգործնախարարը նաև անդրադարձել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին՝ ընդգծելով, որ 2026 թվականը կարևոր է լինելու պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակում։ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը պայմանագրով ստանձնած պարտավորություններին և կարևորել դրա երեք հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված իրականացումը։
Նա ընդգծել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։
Փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 9 միլիարդ դոլար․ 5 միլիարդ դոլարը նախատեսված է սարքավորումների համար, իսկ 4 միլիարդը՝ վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման երկարաժամկետ պայմանագրերի համար։

