
Սրբուհի Գալյանը նշանակվեց Արդարադատության նախարար
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Սրբուհի Գալյանը։ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարի և նախկին նախարարի հետ հանդիպում է ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին՝ Արդարադատության նախարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ այդ ոլորտում էական բարեփոխումներ են իրականացվել։ Այս ոլորտում նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության կողմից գործընթացի իրավական ուղեկցման համար։
Մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն: Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության, — ասել է Փաշինյանը:
Նա նաև շնորհավորել է Արդարադատության նորանշանակ նախարարին։ Վերջինս իր հերթին խոստացել է ջանք ու եռանդ չխնայել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում։
Արդարադատության նախարարի պաշտոնը շուրջ մեկ ամիս ազատ է եղել։ Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել ՔՊ-ում ստորագրահավաքի ֆոնին, որը ուղղված էր նրա պաշտոնավարման նպատակահարմարությունները քննարկելուն։