Դատարանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին մեղավոր ճանաչեց Փաշինյանին վիրավորելու համար
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու համար։ Մեղադրական վերդիկտը կայացվել է մարտի 6-ին՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ։
Մեղադրանքի համաձայն՝ Արամ Հարությունյանը հրապարակային եղանակով հնչեցրել է ծայրահեղ անպարկեշտ և ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ։ Խոսքը վերաբերում է 2022 թվականի հունիսին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված արտահայտություններին։
Պաշտպանը հայտնել է, որ դատարանի որոշումը պատրաստվում են բողոքարկել վերաքննիչ դատարանում։
Արամ Հարությունյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ նույն ելույթի համար Հարությունյանը նախկինում արդեն անցել էր քրեական գործընթացով։ Այդ ժամանակ նրան մեղադրում էին բռնությունը արդարացնելու մեջ, սակայն նա արդարացվել էր բոլոր երեք դատական ատյաններում։
Պաշտպանի խոսքով՝ հետագայում նույն ելույթի համար նրա նկատմամբ արդեն «վիրավորանք» հոդվածով գործ էր հարուցվել։ Այդ հոդվածը հետագայում ապաքրեականացվել էր, և գործը կարճվել էր՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։
Այնուհետև դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Ըստ պաշտպանի՝ այս դատական գործընթացը ընդհանուր առմամբ տևել է մոտ չորս տարի։

