
ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը մեղադրվում է Գազայում տեղի ունեցած սպանություններին մասնակցություն ունենալու մեջ
Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR UK) կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել «Գազայի հումանիտար հիմնադրամի» (GHF) մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ պնդելով, որ նրանք կապ ունեն պաղեստինցիների սպանությունների մեջ։ Կազմակերպության հրապարակած գրության մեջ մեղադրյալ է համարվում նաև ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։
AOHR UK-ն հայտնել է, որ GHF հիմնադրամը գործում է ԱՄՆ-ի և Իսրայելի անմիջական աջակցությամբ, իսկ հիմնադրամի գործընկեր անվտանգության կազմակերպությունները ներգրավված են ՄԱԿ-ի զեկույցներով արձանագրված ծանր հանցագործություններում։ Կազմակերպության պնդմամբ՝ կան վկայություններ այն մասին, որ իսրայելական ուժերն ու պահնորդական ծառայությունների աշխատակիցները մարտական փամփուշտներով կրակ են բացել Գազայում սննդի բաշխման կետերի մոտ հավաքված խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ըստ այդ տվյալների՝ 2025 թվականի մայիսի 27-ից սկսած սպանվել է ավելի քան 600 քաղաքացիական անձ, իսկ վիրավորվել՝ շուրջ 4000-ը։
Կազմակերպությունը նշել է, որ այս փաստերը հիմնվում են ՄԱԿ-ի զեկույցների, վկայությունների և դեպքերի վայրերից ստացված փաստաթղթերի վրա։ Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը քննադատել էր նույն հիմնադրամին՝ պնդելով, որ այն վտանգում է Գազայի բնակիչների կյանքը։ Գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազզարինին հայտարարել էր, որ այս ծրագրերը կարող են մաս կազմել պաղեստինցիների բռնի տեղահանման քաղաքականությանը։
Մայիսին նաև հայտնի դարձավ, որ Շվեյցարիայում սկսվել է նախաքննություն՝ GHF-ի գործունեության առնչությամբ։
Դավիթ Փափազյանը 2019–2024 թվականներին զբաղեցրել է ԱՆԻՖ-ի ղեկավարի պաշտոնը։ Հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ նպատակ ունենալով աջակցել տնտեսական բարեփոխումներին։ Սակայն ԱՆԻՖ-ի գործունեությունը ժամանակի ընթացքում դարձել էր քննադատության առարկա․ ընկերության անունը կապում էին կասկածելի նախագծերի և ընկերությունների հետ, այդ թվում՝ օֆշորային գրանցում ունեցող CFW ընկերության, որի բաժնետերերը գրանցված էին ԱՄՆ Դելավեր նահանգում։