ԿրոնՀայաստան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ տեսանյութերի փորձաքննության արդյունքները հայտնի են

Քննչական կոմիտեն հաստատել է, որ համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերում պատկերված անձը հենց սրբազանն է։ Այս մասին Amnews-րին հայտնում են Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթով նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունն ստացվել է և փոխանցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ համացանցում տարածվել էր ինտիմ բնույթի տեսանյութ, որը վերագրվում էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Դրանց իսկությունը մինչ օրս պաշտոնապես չէր հաստատվել։

Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ այսօր էլեկտրոնային փոստով ստացել է ՔԿ-ի ծանուցումը, որտեղ նշվել է, որ նոյեմբերի 25-ին կայացվել է փորձաքննություն նշանակելու որոշում, և նույն օրը ստացվել է նաև եզրակացությունը։ ՔԿ-ն առաջարկել է Արշակ արքեպիսկոպոսին ներկայանալ՝ ծանոթանալու եզրակացությանը, սակայն վերջինս հրաժարվել է։

Փաստաբանը մի շարք կոշտ քննադատություններ է հնչեցրել ՔԿ-ի հասցեին՝ պնդելով, որ քննիչը խախտել է Արշակ արքեպիսկոպոսի իրավունքները։ Նրա խոսքով՝ որոշումը չի ներկայացվել սրբազանին մինչև փորձաքննությունը, սրբազանը և իր պաշտպանը զրկվել ենորձագետին լրացուցիչ հարցեր ուղղելու իրավունքից, նրանց թույլ չի տրվել մասնակցել փորձաքննության գործընթացին և այլն։

Նա նաև նշել է, որ մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ նրանք փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։ Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն։ Քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ «օրվա քաղաքական իշխանության հանձնարարություններ» կատարող մարմիններին չի վստահում, հրաժարվում է այցելել ՔԿ և ծանոթանալ եզրակացությանը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն հրապարակային հաղորդագրությամբ կամ մեկնաբանությամբ չի անդրադարձել փաստաբանի բարձրացրած ընթացակարգային հարցերին։