Մայր Աթոռում նշվեց Աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օրը․ կաթողիկոսը օրհնեց հավատացյալներին
Հայաստանյայց առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը, որը Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով 2015 թվականին հռչակվել է նաև Աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր։ Տոնի առթիվ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է սուրբ պատարագ, որի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դուրս է եկել Մայր տաճարից և օրհնել հավատացյալներին։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ մոտենում նրան և ստանում հայրապետական օրհնությունը։
Տոնի կապակցությամբ Մայր աթոռի գանձարանից տաճար էր բերվել Աստվածամուխ սուրբ Գեղարդը։ Սրբությունը հավատացյալների երկրպագության համար կմնա տաճարում մինչև ժամը 18։00-ը, որից հետո կվերադարձվի գանձարան։
Լրագրողների հետ զրույցում Եսայի քահանա Արթենյանը կարևորել է առաքյալների դերը և նրանց թողած պատգամը։ Նրա խոսքով՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հայ ժողովուրդը ճանաչեց քրիստոնեական լույսը, որը դարեր շարունակ ձևավորեց ազգի հոգևոր և մշակութային ուղին։
Այս տոնը մեզ հիշեցնում է լինել հավատարիմ Ավետարանի պատգամներին։ Մեր փորձությունների ու դժվարությունների մեջ մենք միշտ ուժ ենք ստացել Աստծո օգնությունից։ Սուրբ Գեղարդից բխող օրհնությունն այսօր էլ մեզ զորացնում է մնալու ճշմարիտ ճանապարհին,– նշել է տեր Եսային։
Աստվածամուխ սուրբ Գեղարդի մոտ այս օրը մեծ թվով հավատացյալներ են խոնարհվում, որոնք աղոթում և օրհնություն են ստանում։
Հիշեցնենք Աստվածամուխ սուրբ գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարում կմնա մինչև ժամը 18։00–ն։
