Շիրակի և Գուգարաց թեմերի հոգևորականները հայտարարություններով աջակցություն են հայտնել Գարեգին Բ–ին
Շիրակի թեմի հոգևորականներն դեկտեմբերի 6-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կիրակի օրը նախատեսված Սուրբ պատարագի ընթացքում հիշատակելու են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
Հայտարարության մեջ նշվում է, որ թեմի հոգևորականները կշարունակեն անփոփոխ պահել եկեղեցական կանոնակարգը։ Նրանք ընդգծել են, որ եթե Շիրակի թեմի եկեղեցիներում պատարագ մատուցի որևէ մեկը, ով թեմի հոգևորական չէ, դա կդիտվի առաջնորդանիստի գործառույթի խախտում։
Թեմի հոգևորականները հայտարարության մեջ նշել են, որ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին բազմիցս հաղթահարել է ծանր ժամանակներ, և այս իրավիճակն էլ, նրանց համոզմամբ, կհաղթահարվի։ Միաժամանակ Գուգարաց թեմի հոգևորականներն ևս հայտարարություն են տարածել՝ արտահայտելով իրենց աջակցությունը Մայր աթոռին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Հայտարարության տակ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ ստորագրել են թեմի առաջնորդ 16 հոգևորականներ։ Սակայն հարկ է նշել նաև, որ Շիրակի թեմում գործում են 24 քահանաներ։
Ավելի վաղ հայտարարություններ կային այն մասին, որ Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են վարչապետի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափառի անունը։ Նշվում էր նաև, որ այս անգամ պատարագը կմատուցի Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը։
Սակայն վերջինս հայտնել է, որ այս հարցով իր հետ խոսել են ԱԱԾ աշխատակիցները, բայց ինքը հրաժարվել է պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս անգամ էլ՝ դեկտեմբերի 7-ին, Շիրակի մարզում է մասնակցելու պատարագի։ Նա լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ ինքը գնում է միայն այն պատարագներին, որտեղ չպետք է հնչի կաթողիկոսի անունը։
