ԿրոնՀայաստան

Երուսաղեմի հայոց միաբանները կոչ են անում գումարել Ազգային եկեղեցական ժողով

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նախաձեռնությամբ Սրբոց Հակոբեանց վանքում գումարվել է արտահերթ Միաբանական ընդհանուր ժողով՝ քննարկելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ ընթացող զարգացումները։ Այս մասին իմանում ենք Սրբոց Հակոբեանց միաբանական ընդհանուր ժողովի տարածած հաղորդագրությունից։

Միաբանները դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով հրավիրել Ազգային եկեղեցական ժողով՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը քննարկելու համար։

Ժողովի մասնակիցները հայտնել են իրենց լիակատար աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընտրված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ընդգծելով, որ վեհափառի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում օրենքով սահմանված պահանջ է։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ՀՀ Սահմանադրությամբ ինքնակառավարվող կառույց է և անջատ է պետությունից, ուստի եկեղեցական գործերին ներկայիս կառավարության յուրաքանչյուր միջամտություն հակասում է սահմանադրական կարգին։