ԿրոնՀայաստան

Արագածոտնի թեմի միասնական աղոթքը կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը գագաթնակետին է հասնում․

Դեկտեմբերի 18-ին Արագածոտնի թեմի հոգևորականների միասնական աղոթքը, որը նախատեսված էր անցկացնել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին տեղեկացրել է Արագածոտնի թեմը՝ նշելով, որ ժամերգությունը կանցկացվի ժամը 17:00-ին։

Աղոթքի վայրի փոփոխությունը տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցում խորացող ներքին լարվածության պայմաններում։ Այս հայտարարությունից ժամեր առաջ մի խումբ եպիսկոպոսներ, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էին գնացել, հրապարակային հայտարարությամբ հանդես են եկել՝ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում հավաքվելու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բին «հանգստի կոչելու» պահանջով։ Հայտարարությունը կոշտ ձևակերպումներով է անդրադառնում եկեղեցու կառավարմանն ու վերջին տարիների ընթացքին՝ այն գնահատելով որպես փակ, միանձնյա և ճգնաժամային։

Միևնույն ժամանակ, հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև հակառակ դիրքորոշումներ ունեցող քաղաքացիները, որոնք կոչ են անում նույն օրը Մայր Աթոռ գալ՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու գործող կառավարման։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումից հետո թեմի հոգևորականները ամեն հինգշաբթի կազմակերպում են միասնական ժամերգություններ՝ աղոթելով անազատության մեջ գտնվող հոգևորականների, ազատազրկված և գերեվարված հայորդիների, ինչպես նաև Հայոց եկեղեցու անսասանության համար։