Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների լիազորությունների դադարեցվել են
Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին հայտարարություն են տարածել Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները։
Ըստ հայտարարության՝ դեկտեմբերի 15-ին Գարեգին Բ կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է նրանց լիազորությունները՝ չնշելով որոշման հիմքերն ու պատճառները։
Եպիսկոպոսները նշում են, որ սրբազանների մի մասը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով՝ 2017 թվականի հունիսի 6–8-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինում հրավիրված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից։ Նրանց խոսքով՝ կանոնադրության համաձայն՝ երկու տարին մեկ պետք է հրավիրվի Եկեղեցական-ներկայացուցչական ժողով, իսկ չորս տարին լրացած անդամների լիազորությունների դադարեցման դեպքում պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների պնդմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու գործադիր մարմինը շարունակել է գործել՝ խախտելով Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունը։ Նրանք նաև նշում են, որ գործող կանոնադրություններում բացակայում են այն կարգավորումները, որոնք կարող են հիմնավորել եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների երկարատև չհրավիրվելը։
Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ կաթողիկոսի միանձնյա և կանոնախախտ որոշումները հանգեցրել են Մայր Աթոռի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կառավարման ճգնաժամի։ Այս համատեքստում նրանք վերահաստատել են Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստյան կոչելու իրենց պահանջը՝ ընդգծելով նոր կանոնադրության մշակման և ընդունման անհրաժեշտությունը։
Եպիսկոպոսները նաև հայտարարել են, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված՝ կաթողիկոսի կողմից հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի նիստը համարում են անվավեր, իսկ 2021 թվականից հետո այդ մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել որպես ոչ իրավաչափ։
