Մատուցվեց կարգալույծ հռչակված Տեր Արամի երկրորդ պատարագը
Այսօր Հովհաննավանքի եկեղեցում Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա) կրկին պատարագ է մատուցել, որին մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բացի վարչապետից՝ արարողակարգին ներկա են եղել նաև մի շարք պաշտոնյաներ. էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Եկեղեցում էին նաև Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Լոռու մարզպետները։ Հովհաննավանքի շրջակայքում կրկին կուտակված էին ոստիկանական խմբեր։
Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված նախկին քահանան նախորդ կիրակի ևս հրավիրել էր եկեղեցու հավատացյալներին՝ մասնակցելու իր կողմից մատուցվող պատարագին։ Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Ներկաների թվում էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Արծրուն Հովհաննիսյանը, պատգամավոր Էմմա Պալյանը, ինչպես նաև Տավուշի և Արագածոտնի մարզպետները՝ Դիլիջանի համայնքապետի հետ միասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իշխանությունների հովանավորչությամբ Հովհաննավանքում իրականացվող գործողություններն «պղծություն» են և չունեն հոգևոր որևէ արժեք։ Մայր Աթոռը նաև հայտնել էր, որ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։
Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել հոկտեմբերի 21-ին՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ։ Մայր Աթոռի պարզաբանումների համաձայն՝ կարգալուծության համար հիմք են ծառայել քահանայի՝ Հայ Եկեղեցու, թեմակալ առաջնորդի և եկեղեցականների հասցեին վարկաբեկող խոսքերը հրապարակային ելույթներում, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլոց անունների հիշատակության հատվածի կամայական դուրս թողնումը, հանձնախմբի նիստերին ներկայանալու պահանջի չկատարումը։
