Դատարանը վերականգնել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Տեղեկությունը հաստատել է ինքը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ նշելով, որ դատարանը բավարարել է իր ներկայացրած հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի ապահովման միջոց։ Նրա խոսքով՝ իրեն ուղղված մեղադրանքները շինծու են, և ինքը որևէ իրավական կամ կարգապահական խախտում չի կատարել։
Ավելի վաղ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն նախկին պաշտոնում։ Հայցադիմումը Արմավիրի մարզի դատարան էր մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնել էին, որ կաթողիկոսի տնօրինությամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից՝ իր պարտականությունների կատարման ընթացքում թույլ տրված խախտումների հիմքով։
Դատարանի ընդունած որոշմամբ եպիսկոպոսը կշարունակի պաշտոնավարել մինչև գործի վերջնական քննությունն ու դատական ակտի հրապարակումը։
