ԿրոնՀայաստան

Մասյացոտնի թեմում շարունակվում են հոգևորականների նկատմամբ ճնշումները

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու շուրջ։ Մասյացոտնի թեմի տեղեկացմամբ՝ ճնշումներ են գործադրվում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։

Թեմի տարածած տեղեկության համաձայն՝ այսօր եկեղեցի են այցելել Ոսկետափ համայնքի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը։ Նրանք Տեր Արտաշես քահանայից պահանջել են ազատել եկեղեցին և հայտնել, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Մասյացոտնի թեմը տեղի ունեցածը գնահատում է որպես անօրինական միջամտություն Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականի ծառայությանը։ Թեմի հայտարարության մեջ կոչ է արվում դադարեցնել եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։

Նշվում է նաև, որ Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն միջամտել եկեղեցու գործունեությանը կամ այն սեփականացնել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միանում է Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։ Սակայն հաջորդ օրը նա հրապարակել էր նոր գրառում՝ հայտնելով, որ ցավում է իր նախորդ հայտարարության համար՝ այն կապելով արտաքին ազդեցության, հոգեկան լարվածության և իրավիճակը սխալ գնահատելու հետ։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի շարժմանը և պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։ Հունվարի 10-ին կարգալույծ էր հռչակվել, որից հետո դիմել էր դատարան և վերականգնվել իր պաշտոնում։