Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը, որը շուրջ 20 տարի ծառայել է բանակի հոգևոր սպասարկման ոլորտում:
Այս մասին հայտնել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Վերջինիս խոսքով՝ այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, քանի որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
«Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից»,- նշել է քահանան:
ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել էր 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ:
Սկզբնական շրջանում այն ապահովել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի հոգևոր սպասարկումը: 1997 թ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որը կարգավորել է զինվորական հոգևոր ծառայության համակարգը:
Հոգևոր առաջնորդությունում ծառայած գնդերեցներն առանձին զորախմբով մասնակցել են ՀՀ անկախության հռչակաման 20 և 25-ամյակների, նաև Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված զորահանդեսներին։
