Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորականին
Հայ առաքելական եկեղեցին դատական հայց է ներկայացրել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե քահանա) դեմ։ Այս մասին իմանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։
Թախմազյանը կարգալույծ է հռչակվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշմամբ, որի հիմքում եղել են Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկուցագիրը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբի եզրակացությունը։
Դատական պահանջով եկեղեցին խնդրում է դատարանին պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և Հռիփսիմե Խաչատրյանին վերադարձնել Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը և ազատել այն, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ վճարված պետական տուրքը։
Ավելի վաղ եկեղեցին առանձին հայց է ներկայացրել նաև Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։ Միաժամանակ Ասատրյանն ու Թախմազյանն իրենց հերթին հայցեր են ներկայացրել եկեղեցու դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել կաթողիկոսի որոշումները և վերականգնել իրենց հովվական ծառայության մեջ։ Դատարանը այդ հայցերը վերադարձրել է՝ թերությունները լրացնելու համար սահմանելով եռօրյա ժամկետ։

