Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը
Հայ առաքելական այսօր`փետրվարի 15-ին, նշում է Բուն Բարեկենդանը՝ Մեծ Պահքին նախորդող տոնը։ Այն համարվում է ուրախության և խրախճանքի օր և խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտային անհոգ կյանքը։
Տոնի օրը ընդունված է հյուրասիրել քաղցրավենիք, հատկապես փախլավա, ինչպես նաև յուղով ու բրնձով պատրաստված փլավ և այլ ոչ մսային, յուղոտ ուտեստներ։
Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում։ Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը։ Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ։ Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։ Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում:
Ժողովրդական ավանդույթով Բարեկենդանը նաև ազատության և ծիսական ծաղրի օր է եղել․ կազմակերպվել են դիմակահանդեսներ, կատակային ներկայացումներ, ծաղրվել են արատներն ու կեղծ բարքերը։ Տարածված է եղել նաև «կեղծ հարսանիքի» սովորույթը՝ խորհրդանշական կերպափոխություններով․ տղան հագնում էր աղջկա շորեր, աղջիկը՝ տղայի, և նրանց «ամուսնացնում էին»։
Ըստ եկեղեցական կարգի՝ կեսգիշերից սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 49 օր։ Այդ ընթացքում հավատացյալները պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվում են Սուրբ Հարության տոնին։

