ԿրոնՀայաստան

Թալինի եկեղեցում շինաշխատանքներ են՝ առանց Արագածոտնի թեմի համաձայնության

Արագածոտնի թեմի փոխանցմամբ՝ Թալինի համայնքապետարանը, առանց թեմի վարչական խորհրդի հետ նախնական քննարկման և համաձայնության, սկսել է շինաշխատանքներ իրականացնել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Թեմի վարչական խորհրդի տեղեկացմամբ՝ համայնքապետարանը որոշել է ապամոնտաժել եկեղեցու տարածքի ցանկապատը և կազմակերպել նորոգման գործընթացը՝ շրջանցելով թեմի ներկայացուցիչներին և չստանալով օրհնություն։

Խորհուրդն ընդգծում է, որ եկեղեցին իր ողջ տարածքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ուստի որևէ շինաշխատություն ենթակա է համաձայնեցման։ Արագածոտնի թեմի վարչական խորհուրդը դատապարտել է համայնքապետարանի նման քայլը՝ միաժամանակ վստահեցնելով, որ պատրաստ է համագործակցության բոլորի հետ, ովքեր ցանկանում են աջակցել եկեղեցու շինարարական կամ վերականգնողական ծրագրերին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի կողմից մատուցվող պատարագին՝ նախատեսված Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագին իր մասնակցությունը հաստատել է նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։

Միաժամանակ Մայր Աթոռը հայտարարել է, որ Տեր Թադեի հարցը գտնվում է կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում։ Եկեղեցականն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանային։

Մարինա Գրիգորյան