Բողոքի ակցիա Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար
Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ դատախազության և կառավարության շենքերի մոտ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք ուղղված էին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանը։ Ակցիաները կազմակերպվել են «Համահայկական ճակատ» կուսակցության և համանուն շարժման կողմից։
Ակցիայի մասնակիցները ցուցապաստառներ էին պարզել՝ «Հավատքը չի դատվում», «Քննիչը պետք է ծառայի օրենքին» գրություններով։ Ակցիան ուղեկցվում էր «Ձեռքերդ հեռու եկեղեցուց» վանկարկումներով։
Դատախազության շենքի մոտ ենք եկել, քանի որ այս կառույցը չի հետևում սահմանադրական կարգի պահպանմանը։ Մեր վերաբերմունքը թե դատախազությանը, թե ուժային մյուս կառույցներին բացասական է. նրանք հատուկ ցուցումներով կատարում են հատուկ հրամաններ,– ասաց «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին նաև ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ՀՀ իշխանությունը արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ` պահանջելով վերջինիս հրաժարականը։
2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին և հրապարակեցին իրենց «ճանապարհային քարտեզը»։
Այժմ մի շարք հոգևորականների, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։

