Եպիսկոպոսաց հավաքը հայտարարություն է ընդունել Սանկտ Փյոլթընում

Փետրվարի 17-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ, գումարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների 25 եպիսկոպոսներ։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ժողովին մասնակցել է տեսակապի միջոցով։

Եռօրյա նիստերի ավարտին ժողովականները հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով եկեղեցու առաքելությանը, արդի մարտահրավերներին և եկեղեցի-պետություն հարաբերություններին։

Հավաքի մասնակիցները մտահոգություն են հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկայիս վիճակի կապակցությամբ և կոչ արել ՀՀ իշխանություններին դադարեցնել եկեղեցու նկատմամբ հալածանքները, հարգել եկեղեցու ինքնավարությունն ու ինքնիշխանությունը, գործել Սահմանադրության և օրենքների շրջանակում։ Հայտարարությունում պահանջ է հնչեցվել ազատ արձակել կալանավորված չորս եպիսկոպոսներին, քահանային և եկեղեցուն աջակցելու համար կալանավորված անձանց։

Եպիսկոպոսները նաև հորդորել են ութ սրբազանների՝ ներեկեղեցական խնդիրները քննարկել բացառապես եկեղեցական լիազոր մարմիններում և ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել պառակտման։

Հավաքի ընթացքում քննարկվել են «Եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում», «Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացությունը» և «Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից» թեմաները։

Եպիսկոպոսաց դասը մտահոգություն է հայտնել նաև Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված դատավարությունների առնչությամբ և միջազգային հանրությանը կոչ արել շարունակել ջանքերը պատանդառված անձանց ազատ արձակման ուղղությամբ։

Հավաքի մասնակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ընդգծելով եկեղեցու միասնության և համերաշխության կարևորությունը։