Բաքուն հերքել է Գազայի ծրագրում 7 մլրդ դոլարի ներդրման մասին հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք երկրներ համատեղ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել Գազայի օգնության ծրագրում՝ «Խաղաղության խորհրդի» շրջանակում։ Նրա խոսքով՝ ներդրում են կատարել Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը։ Հայտարարությունն արվել է խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում։
Սակայն կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է այդ տեղեկությունը։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Ադրբեջանը չի մասնակցում 7 մլրդ դոլարի նախագծին։
Ես կցանկանայի մեկ կետ պարզաբանել։ Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել Ղազայի հետ կապված 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախաձեռնությանը, որը հայտարարվել էր Խաղաղության խորհրդի այսօրվա նիստում, — գրել է Հաջիևը։
Միաժամանակ նա նշել է, որ ապագայում Բաքուն կարող է դիտարկել Գազայի ներդրումային նախաձեռնություններին մասնակցելու հնարավորությունը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կտրամադրի 10 մլրդ դոլար «Խաղաղության խորհրդի» շրջանակում իրականացվող ծրագրերին, Միավորված ազգերի կազմակերպությունը՝ 2 մլրդ դոլար, իսկ ՖԻՖԱն՝ 75 մլն դոլար՝ տարածաշրջանի ֆուտբոլային նախագծերի համար։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Թրամփի հրավերով դարձել են ԱՄՆ վարչակազմի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» անդամներ։
Հարկ է նշել նաև, որ Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց ֆինանսական պարտավորությունների՝ անդամավճարի մասնակցության հիմունքներով։

