Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններ
ՀՀ Ազգային ժողովը 66 կողմ, 20 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։
Ըստ ընդունված փոփոխությունների՝ հուշարձանների պետական ցանկերում ընդգրկված պաշտամունքային կառույցները կարող են օտարվել երրորդ անձանց՝ հատուցմամբ կամ անհատույց, միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ։ Կառավարությունը կարող է մերժել գործարքը, եթե գնահատի, որ առկա է գույքի ոչ նպատակային կամ ոչ հանրօգուտ օգտագործման ռիսկ։
Օրենքի փոփոխությունները վերաբերում են բոլոր այն կրոնական կառույցներին, որոնք ընդգրկված են հուշարձանների պետական ցանկում։ Քանի որ պատմամշակութային հուշարձանների զգալի մասը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, նախաձեռնությունն առնչվում է նաև այդ կառույցներին։
Օրենսդրական փոփոխության ընդունումը տեղի է ունենում եկեղեցի–իշխանություն հարաբերությունների շուրջ ընթացող քննարկումների ֆոնին։ 2026 թվականի հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու բարեփոխումների գործընթաց սկսելու մասին՝ հրապարակելով իրենց ներկայացրած գործողությունների ծրագիրը։

