Քննչական կոմիտե են կանչվել Հայ առաքելական եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ
Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդներ՝ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրատապ կարգով կանչվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով։ Նրա խոսքով՝ հավանաբար հարցաքննությունը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի հետ։ Սրբազանը նշել է նաև, որ չի կարող մանրամասներ ներկայացնել, քանի որ իր նկատմամբ խոսքի արգելք կա։
Մակար սրբազանի փաստաբան Արմինե Ֆանյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալները հրաժարվել են ցուցմունք տալուց։ Նա նշել է, որ հարցաքննության հրատապություն չի եղել, իսկ ծանուցումը, ըստ նրա, չի իրականացվել պատշաճ կարգով։ Փաստաբանը կարծիք է հայտնել, որ հարցաքննությունները կարող էին նպատակ ունենալ խաթարել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, որը տեղի է ունեցել մարտի 10-13-ը։
Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հայտնել է, որ իր պաշտպանյալը կանչվել է լրացուցիչ հարցաքննության՝ մեղադրյալի կարգավիճակով։ Նա ևս կարծիք է հայտնել, որ քննչական գործողությունների ժամանակացույցը կարող էր կապված լինել Գերագույն հոգևոր խորհրդի նիստի հետ։
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի պաշտպան Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալը նույնպես օգտվել է ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքից։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին վեց եպիսկոպոսի մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին, որի վերաբերյալ դատարանը որոշել էր անվավեր ճանաչել պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել նրան իր պաշտոնում։
Նշվում է նաև, որ որոշ հոգևորականների խափանման միջոցների վերաբերյալ բողոքներ են ներկայացվել դատարան։ Ըստ փաստաբանների՝ գործով քննչական գործողությունները շարունակվում են։

