Արամ Ա. Վեհափառը կապի մեջ է Միջին Արևելքի և Իրանի հայ համայնքների հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակում է հետևել Միջին Արևելքում գործող հայկական համայնքների իրավիճակին և կապի մեջ մնալ տեղի հոգևոր ու համայնքային ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական հարթակից։
Այսօր Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի և Շրջակայից Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Սարգսյանի և Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի համաատենապետ Գրիգոր Մահսերեճյանի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տվյալ շրջաններում տիրող իրավիճակին, որտեղ, փոխանցված տեղեկությունների համաձայն, շարունակում է պահպանվել ընդհանուր անորոշությունը։
Նորին Սրբությունը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգիսյանի, Ազգային կենտրոնական վարչության անդամ Հովսեփ Ավետյանի և Նոր Ջուղայի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Արտավազդ Վրդ. Շարոյանի հետ։ Նրանց փոխանցմամբ՝ Իրանի տարբեր շրջաններում ևս վտանգալից իրավիճակը շարունակում է պահպանվել։
Նշվում է նաև, որ Թեհրանի հայոց թեմը համապատասխան հայտարարություն է տարածել՝ ուղղված համայնքի անդամներին։ Ռմբակոծությունից հայկական կենտրոնները չեն տուժել, չկան վիրավորներ։

