
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել․ այն կշարունակվի ևս երկու օր
Մայիսի 16-ի ուշ երեկոյից Երկրի վրա սկսել է մագնիսական փոթորիկ, որը կմնա ակտիվ մինչ երկուշաբթի։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի «Ֆոբոս» եղանակաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
Ինչպես սպասվում էր, մեր մոլորակի տիեզերական եղանակի վրա անցած գիշեր սկսել է ազդել արևային քամին, որը դուրս է գալիս մեր աստղի վրա հերթական պսակային անցքից։ Կեսգիշերից հետո այն միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխություն է առաջացրել, որը Երկրի մագնիսական ոլորտի թույլ փոթորիկների պատճառ է դարձել։
Նրա խոսքով՝ մոլորակը առաջիկա երկու օրերին կշարունակի գտնվել արագ և խիտ արևային քամու հոսանքի տակ։ Այդ ընթացքում Երկրի գեոմագնիսական դաշտը կլինի թույլ գրգռված վիճակում՝ հիմնականում G1 (թույլ) դասի փոթորիկների կարճատև փուլերով։
Լեուսը նաև հայտնել է, որ առավոտյան ժամը 6-ից հետո մագնիսական դաշտի խանգարումները որոշ չափով թուլացել են, սակայն փոթորիկը դեռ շարունակվում է։
Մագնիսական փոթորիկները կարող են անդրադառնալ հատկապես օդային հաղորդակցության, կապի համակարգերի, ինչպես նաև օդերևութային զգայունություն ունեցող մարդկանց վրա՝ առաջացնելով գլխացավեր, հոգնածություն կամ քնի խանգարումներ։