ԱշխարհԳիտություն

Սառցե հրաբուխներ տիեզերքում․ Եվրոպան և Տիտանը կարող են «արձակել» սառեցված լավա

Տիեզերքում հրաբուխները կարող են զարմանալիորեն տարբերվել մեր սովորական պատկերացումներից։ Պատկերացրեք՝ ժայթքումներ, որոնք կրակով չեն, այլ սառցե գազերով ու հեղուկներով։

Այս յուրահատուկ հրաբուխները հայտնաբերվել են մեր արեգակնային համակարգում՝ հատկապես Յուպիտերի Եվրոպա և Սատուռնի Տիտան արբանյակների վրա։ Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ այդ երկուսը ունեն ոչ միայն սառցե մակերես, այլև՝ ներքին կառուցվածք, որտեղ հնարավոր է գոյություն ունենա հեղուկ օվկիանոս։

Եվ հենց այդ ենթերկրյա օվկիանոսներից էլ սառցե հրաբուխները պարբերաբար ժայթքում են հեղուկ ջուր, ամոնիակ ու մեթան, որոնք սառչում են մթնոլորտային սառնության տակ՝ ձևավորելով սառցե դաշտեր ու լանդշաֆտներ։

Եվրոպան՝ Յուպիտերի արբանյակներից մեկը, պատված է սառույցով, բայց հենց այդ մակերեսի տակ կարող է օվկանիոս լինել, որը հնարավոր է՝ պայմաններ է ստեղծում կյանքի համար։ NASA-ի դիտարկումներով՝ Եվրոպայի մակերևույթից պարբերաբար բարձրանում են ջրի կաթիլներ, որոնք կարող են գալ հենց այդ ներքին օվկիանոսից։

Սառցե հրաբուխները, ըստ գիտնականների, կարող են այդ ժայթքման ուղիների պատասխանատուն լինել։

Տիտանը՝ Սատուռնի ամենամեծ արբանյակը, նույնպես ունի բացառիկ բնութագրեր։ Դրան բնորոշ է խիտ մթնոլորտ, որը նույնիսկ ավելի խիտ է, քան Երկրինը։ Նրա վրա գործում են բնական ցիկլեր՝ անձրև, գետեր, լճեր և ծովեր, սակայն ոչ թե ջրով, այլ մեթանով ու էթանով։

Սառցե հրաբուխների առկայությունը այստեղ նույնպես հավանական է։ NASA-ն արդեն նախապատրաստում է «Dragonfly» անունով առաքելություն, որի նպատակն է իջնել Տիտանի վրա և մանրամասնորեն ուսումնասիրել նրա գեոլոգիական կառուցվածքը։

Սեդա Մարտոյան