
Արհեստական բանականության գործարանը կարող է կառուցվել Ակադեմիական քաղաքում
Հունիսի 12-ին կառավարության նիստում քննարկվեց Արհեստական բանականության գործարանի ստեղծման մանրամասները։
Նիկոլ Փաշինյանը տվյալ կենտրոնի տեղակայման համար առաջարկեց Ակադեմիական քաղաքի տարածքը, որը ներկայում դիտարկվում է որպես գիտության, կրթության և տեխնոլոգիաների զարգացման կարևոր հանգույց։ Փաշինյանը ընդգծեց, որ այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց նախագծի մանրամասները՝ հավելելով, որ Firebird-ը, որը հիմնադրվել է մի շարք հայ գործարարների նախաձեռնությամբ, դարձել է NVIDIA-ի գլխավոր գործընկերներից մեկը եվրոպական տարածաշրջանում։ Նախարարի խոսքով՝ ծրագրի իրագործումը նախատեսվում է սկսել 2026 թվականից։
Firebird ընկերությունը ձեռք կբերի նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորներ՝ հնարավորություն տալով ստեղծել արհեստական բանականության խոշոր ռեսուրսներ, որոնք կտրամադրվեն Cloud ծառայությունների միջոցով և՛ տեղական տնտեսությանը, և՛ համաշխարհային տեխնոլոգիական ընկերություններին, – նշեց Հայրապետյանը։
Նախագծի կարևորագույն բաղադրիչներից է մինչև 100 Մեգավատ էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը պահանջում է ուժեղ էներգետիկ և տեխնիկական ենթակառուցվածքների առկայություն։ Հայրապետյանը ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է տրամադրել այդ հզորությունները՝ ապահովելու կենտրոնի արդյունավետ աշխատանքը։
Այնուամենայնիվ, ծրագրի կայունությունն ու արդյունավետությունը մեծապես կախված են տեղական ինժեներական և թվային ենթակառուցվածքների պատրաստվածությունից։ Խնդիր կարող է լինել նաև ռեսուրսների բաշխման հարցում, քանի որ տեխնոլոգիական մեծ կենտրոնը պետք է հնարավորություն ընձեռի տեղական ստարտափներին ու հետազոտողներին օգտվել ռեսուրսներից՝ առանց սահմանափակումների։
Կառավարությունն իր հերթին նախատեսում է կենտրոնի որոշ հատվածը դարձնել հնարավորություն հայաստանյան ստարտափների, ԱԲ մասնագետների և գիտահետազոտական ոլորտի ներկայացուցիչների համար, ինչը կարող է խթանել տեղական ինովացիոն ոլորտի զարգացումը։