
Ինչպիսին կլինի Երկիր մոլորակը 30 տարի անց․ NVIDIA-ն փորձում է կանխատեսել կլիման
NVIDIA-ն՝ ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունը, ներկայացրել է նորարարական մի մոդել, որը կլիմայի փոփոխության կանխատեսումը տեղափոխում է նոր մակարդակի վրա։
«Climate in a Bottle» անունը կրող այս նախագիծը միավորում է ֆիզիկական սիմուլյացիաներն ու արհեստական բանականությունը՝ հնարավորություն տալով պատկերացնել մոլորակի կլիմայական փոփոխությունները մինչև 30 տարի հետո, և այն էլ՝ առավելագույն մանրամասնությամբ։
Ըստ հեղինակների, հնարավոր կլինի կանխատեսել եղանակային պատկերները մինչև մեկ կիլոմետրի ճշգրտությամբ։ Այսինքն՝ մոդելը այնքան մանրակրկիտ է աշխատելու, որ կարող է ցույց տալ կլիմայական փոփոխությունները յուրաքանչյուր 1 կմ x 1 կմ տարածքի համար առանձին։
Նախագծի գլխավոր նպատակն է հասնել ավելի խորը կանխատեսումների, որոնք կօգնեն մարդկությանը նախապատրաստվել կլիմայական մարտահրավերներին։ Այս համակարգը մշակվել է սուպերհամակարգիչների հիման վրա, որոնք վերլուծում են տասնյակ տարիների կլիմայական տվյալներ, արբանյակային պատկերներ և աշխարհագրական տեղեկատվություն։ Արհեստական բանականությունն այդ ողջ տեղեկատվությունը վերածում է դինամիկ մոդելների, որոնց միջոցով հնարավոր է պատկերացնել, թե ինչպիսի փոփոխությունների կարող են ենթարկվել այս կամ այն տարածաշրջանները՝ ջերմաստիճանի, խոնավության, անձրևի կամ օդային հոսքերի տեսանկյունից։
Նորարարության կարևորությունը հատկապես ակնառու է գլոբալ տաքացման համատեքստում։ Տարբեր երկրներ պայքարում են անբարենպաստ կլիմայական երևույթների դեմ՝ ջրհեղեղներ, երաշտներ, անտառային հրդեհներ։ Այս պայմաններում անհրաժեշտ է ունենալ ոչ միայն կանխատեսում, այլ՝ մանրամասն և հնարավորինս հստակ քարտեզ։ Նախագիծը նպատակ ունի հենց այդպիսի քարտեզներ տրամադրել՝ հիմնված իրական գիտության և նորագույն տեխնոլոգիաների համադրման վրա։
Գյուղատնտեսական ոլորտում հնարավոր կլինի վերլուծել՝ արդյոք տվյալ տարածքը պահպանելու է իր բերքատվությունը կամ արդյոք անհրաժեշտ է մշակաբույսերի ընտրության փոփոխություն։ Ընկերությունները՝ հատկապես շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում, կկարողանան ավելի ճշգրիտ գնահատել ռիսկերը, իսկ գիտնականներն՝ համադրել երկարաժամկետ հետազոտական աշխատանքները տեխնոլոգիական գործիքների հետ։
Թեև ծրագիրը ներկայում դեռ ամբողջությամբ գործարկված չէ, այն արդեն կիրառվում է մի շարք միջազգային կենտրոններում՝ որպես փորձնական գործիք՝ կլիմայի գեոինժեներացման, երկարաժամկետ ռազմավարական պլանավորման և ռիսկերի գնահատման նպատակներով։