ԳիտությունՀայաստան

Հայաստանի առաջին արբանյակը ավարտել է գործունեությունը․ ի՞նչ է այն տվել

Հայաստանի առաջին երկրադիտարկման արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, անցել է վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ, ինչը նշանակում է, որ ծրագիրը ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Արմսաթ-1»-ի արձակումը կառավարությունը գնահատում է որպես կարևոր քայլ, որով Հայաստանը մուտք գործեց տիեզերական տեխնոլոգիաների նոր դարաշրջան։ Երեքուկես տարվա ընթացքում արբանյակը տրամադրել է Հայաստանի և տարածաշրջանի տասնյակ տիեզերանկարներ, որոնք օգտագործվել են գիտական և կիրառական նպատակներով։

Նախարարության տեղեկացմամբ՝ ծրագրի կարևոր ձեռքբերումներից է նաև մասնագետների պատրաստումը և այնպիսի խմբի ձևավորումը, որը կարող է իրականացնել նոր արբանյակային նախագծերի նախագծում, կառավարում և տվյալների մշակում։

«Արմսաթ-1»-ի արդյունքները արդեն կիրառվում են հաջորդ սերնդի՝ երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։ Սահմանվել են «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական պահանջները, և այս ուղղությամբ շարունակվում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։