ՀայաստանՍոցիալական

ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել գործարար Ստեփան Սամվելյանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Արամ Սարգսյանի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ կասկածվող գործարար Ստեփան Սամվելյանի գործով միջանկյալ միջոց է կիրառել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Փոստանջյանի խոսքով՝ դատարանի որոշումը կայացվել է հոկտեմբերի 20-ին՝ շուրջ երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո։ Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը կազմակերպել բժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք Սամվելյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ։ Մինչ եզրակացության ստացումը պետք է ապահովվի, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական խնամք։

Այս որոշման կատարումն այժմ գտնվում է ՀՀ կառավարության պատասխանատվության ներքո, իսկ ՄԻԵԴ-ի կողմից կիրառված 39-րդ կանոնի միջոցները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար։

Փոստանջյանը նշել է, որ իր պաշտպանյալը տառապում է երիկամային անբավարարությամբ՝ այժմ հիվանդությունը հասել է 5-րդ՝ տերմինալ փուլի, և առանց հեմոդիալիզի նրա կյանքը վտանգված է։

Հիշեցնենք, որ Ստեփան Սամվելյանը մեղադրվում է Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստման մեջ։ Նրա բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նռնակ, որը, ըստ մեղադրանքի, նախատեսված էր հանցագործության իրականացման համար։

Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։

Բացի այդ, այս տարվա մարտին Սամվելյանի նկատմամբ առաջադրվել էր մեկ այլ մեղադրանք՝ ատելության և խտրականության հրահրման հոդվածով։