ՀայաստանՍոցիալական

Քաջարան-Ագարակ միջպետական ճանապարհին երկրորդ թունելն է կառուցվում

«Հյուսիս-հարավ» ռազմավարական ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են մեծ տեմպերով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեղեկացմամբ՝ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, տրանսպորտային օբյեկտների կառուցում, ինչպես նաև թունելների հորատում։ Մասնավորապես, արդեն մեկնարկել է երկրորդ թունելի փորման գործընթացը, որի ընդհանուր երկարությունը նախատեսվում է շուրջ 530 մետր։ Կապալառուն արդեն հորատել է մոտ 40 մետր։

Շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասում կազմակերպվել է կամուրջների և ուղեանցների երկաթբետոնե հեծանների արտադրություն։ Երկու տեղամասում աշխատանքներն արդեն մեկնարկել են, մեկում էլ ընթանում են նախապատրաստական փուլ։

Ըստ հիմնադրամի՝ շինարարական գործընթացը և արտադրանքի որակը վերահսկվում են տեխնիկական հսկողության և համապատասխան ստուգափորձերի միջոցով։