
Գյումրիից Կիպրոս․ սեպտեմբերից մեկնարկում են ուղիղ չվերթները դեպի Լառնակա
Սեպտեմբերի 30-ից «Wizz Air» ավիաընկերությունը նոր հնարավորություն է առաջարկում հայ ուղևորներին․ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ դեպի Կիպրոսի Լառնակա։
Առաջին փուլում թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ Հոկտեմբերի 30-ից գրաֆիկը կփոխվի, և թռիչքներ կլինեն հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերի գները սկսվում են ընդամենը €14․99-ից։ Դրանք կարելի է գնել wizzair.com կայքից կամ «Wizz» բջջային հավելվածով։
«Wizz Air»-ի ներկայացուցիչ Անաստասիա Նովակը ընդգծել է, որ այս նոր ուղղությունը կարևոր քայլ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Կիպրոսի շուկաների համար․
Այս տարի արդեն ավելի քան 600 հազար ուղևոր ենք տեղափոխել Հայաստանի և Եվրոպայի միջև։ Նոր ուղղությունը ոչ միայն մեծացնում է ուղևորների ընտրությունը, այլև նպաստում է մեր գործունեության ընդլայնմանը։ Մենք սպասում ենք մեր ուղևորներին՝ բացահայտելու Լառնակայի յուրահատուկ գեղեցկությունը և Կիպրոսի հրաշքները։
Հետաքրքիր է, որ, օրինակ, Երևանից դեպի Լառնական ուղիղ չվերթներ ևս կան, սակայն տոմսի արժեքը մեկ ուղևորի համար խիստ բարձր է Wizz-ից։ Օրինակ, օգոստոս ամսին տոմսի մեկ ուղևորի արժեքը 128 հազար դրամից է սկսում։ Եթե նկատի ունենանք ոչ զբոսաշրջային ամիսները, օրինակ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, տոմսի մեկ ուղևորի արժեքը շուրջ 15-20 անգամ էժան է օգոստոս ամսվա տոմսի արժեքից։
Այս նախաձեռնությունը նաև կարևոր քայլ է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ակտիվացման համար․ այն Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանն է և կարևոր դեր ունի երկրի տարածաշրջանային զարգացման մեջ։