Նորաձևություն

Մոսկվայում սկսում են խիստ վերահսկել միգրանտներին․ շուրջ 45 հազար հայ ռիսկային խմբում է

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում ներդրվում է միգրանտների վերահսկողության նոր համակարգ։ Այն կազդի նաև հարյուր հազարավոր արտերկրից եկած աշխատողների վրա։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքը ստացել է իրավունք նոր մեխանիզմներ փորձարկելու համար։ Դրանց թվում է միգրանտի էլեկտրոնային քարտը, որտեղ կգրանցվի ամբողջ տեղեկատվությունը՝ սկսած ժամանման օրվանից մինչև աշխատանքի վայրը։ Քաղաքային ոստիկանության համար ստուգումները կլինի հեշտ․ բավական է սքանավորել քարտի QR կոդը։

Եթե համակարգը ցույց տա կանաչ լույս՝ ամեն ինչ կարգին է։ Եթե կարմիր՝ միգրացիոն խախտում կա, և ոստիկանն իրավունք ունի անմիջապես ձերբակալել անձին։

Բացի այդ՝ հանցագործություն կատարած կամ անօրինական եղանակով Ռուսաստանում գտնվող միգրանտները կներառվեն հատուկ ռեգիստրում։ Նրանք պարտավոր կլինեն պարբերաբար հայտնել իրենց գտնվելու վայրը և լուսանկար ուղարկել ոստիկանությանը։ Կսահմանվեն լուրջ սահմանափակումներ․ օրինակ՝ չի թույլատրվի գնել անշարժ գույք, վարել մեքենա, բացել նոր բանկային հաշիվներ կամ գոյություն ունեցողից ամսական ավելի քան 30 հազար ռուբլի ծախսել։ Չի թույլատրվի նաև ամուսնանալ, իսկ երեխայի ծնունդը գրանցելը կդառնա անհնար։

Ըստ որոշ գնահատականների՝ այս սահմանափակումները կարող են ազդել շուրջ 45 հազար հայի վրա, ովքեր Ռուսաստանում աշխատում են ժամանակավոր կամ մշտական հիմունքներով։ Օրենսդրության խախտման դեպքում նախատեսված են նաև տուգանքներ քաղաքացիների համար՝ 2-5 հազար ռուբլի, պաշտոնյաների համար՝ 35-50 հազար ռուբլի, կազմակերպությունների համար՝ 400-500 հազար ռուբլի։